ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Հրազդան Մարզադաշտ Պատմություն

Նախագիծ   Պատմություն   Կարծիքներ   

Հրազդան Մարզադաշտ Պատմություն

Գուրգեն Մուշեղյանը  Հրազդան մարզադաշտ մասին

1965-66 թթ. որոշվեց կառուցել մարզադաշտ Հրազդանի կիրճում, որի համար հայտարարվեց նախագծի մրցույթ:

  Այդ տարածքում մարզադաշտ կառուցելու մտադրությունը մինչ այդ էլ եղել էր: Մտահղացման հեղինակը Անաստաս Միկոյանն էր, որը հյուրընկալվելով Հայաստանում տեսել է Հրազդանի կիրճում բնական ամֆիթատրոնը և առաջարկել այդ տեղում կառուցել 20 հազար տեղանոց մարզադաշտ, որը պետք է կոչվեր «Պիշչևիկ» (նա այդ տարիներին զբաղեցնում էր ԽՍՀՄ սննդարդյունաբերության նախարարի պաշտոնը): Թեև այդ մտահղացումը չիրականացավ, բայց 1968 թ. որոշում կայացվեց նույն այդ վայրում կառուցել «Հրազդան» մարզադաշտը: Թերևս պատճառներից մեկն էլ այն էր, որ «Արարատը» վերջին շրջանում բավականին լավ էր խաղում, և Հանրապետական մարզադաշտը չէր բավարարում ժամանակի պահանջներին:

  Իմ դիպլոմային աշխատանքի թեման եղել է մարզադաշտի նախագծային առաջարկը նույն տեղանքում: Այդ ժամանակ ես աշխատում էի «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Երբ մարզադաշտի կառուցման որոշումը կայացվեց, նախագծային աշխատանքները սկսվեցին Կորյուն Հակոբյանի ղեկավարությամբ, հեղինակային խմբում ընդգրկվեցի նաև ես: Նախագծման ընթացքում եղան բազմաթիվ քննարկումներ, ի վերջո նախագիծն ավարտին հասցվեց երեք հոգուց բաղկացած հեղինակային խմբի կողմից` Հակոբյան, Մուշեղյան և կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյան:

  Իմ մարզիկ լինելը իր դերն է խաղացել այն բանում, որ իմ ստեղծագործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում մարզական կառույցների նախագծերը: Լինելով երկրի տարբեր մարզական կառույցներում` քաջատեղյակ էի դրանց տեխնոլոգիական խնդիրներին: Կարծում եմ` պատահականություն չէր նաև այն, որ Կորյուն Հակոբյանն ու Թոսունյանը նույնպես սերտորեն կապված էին սպորտի հետ: Վերջինս շախմատով էր զբաղվում, իսկ Հակոբյանը հանրահայտ ծանրամարտիկ էր:

  Կառույցի շինարարությունն առանձնահատուկ էր նրանով, որ նախագծումն ընթանում էր շինարարությանը զուգահեռ: Չկար տարաձայնություն շինարարների և նախագծողների միջև: Նախագծմանը մասնակցում էր նաև շինարարական միտքը:

  Հետաքրքիրն այն էր, որ այստեղ օգտագործվեցին շինարարական նոր մեթոդներ` բետոնի տաքացումը, կոշտ ամրաններով հենասյուների և բարձակային հեծանների կառուցումը: Այդ և մի շարք այլ նորամուծություններ նպաստեցին, որ կառույցը կարճ ժամանակում շահագործման հանձնվի:

  Աշխատանքը համակարգում էր այն ժամանակ կուսակցության Երևանի քաղկոմի երրորդ քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Նրա ամենօրյա ներկայությունը շինհրապարակում, խստապահանջությունը մի նպատակ էին հետապնդում` մինչև 1970թ. նոյեմբերի 29-ը ավարտել մարզադաշտի շինարարությունը: «Հրազդան» մարզադաշտի շինարարությանը մասնակցում էին հանրապետության գրեթե բոլոր շինարարական կազմակերպությունները:

  Երբ շինարարությունն արդեն մեծ թափ էր առել, միութենական ղեկավարության հանձնարարականով Երևան գործուղվեց փորձագետների մի խումբ նպատակ ունենեալով դադարեցնել շինարարական աշխատանքները: Պատճառաբանում էին, որ 750 հազար բնակչություն ունեցող քաղաքը 75 հազար տեղանոց մարզադաշտի կարիք չունի: Բարեբախտաբար, մերոնք կարողացան հակառակն ապացուցել հետևյալ հիմնավորմամբ. մարզադաշտը ոչ միայն մայրաքաղաքի համար է, այլև` ամբողջ հանրապետության մարզասերների: Երևանի և մերձակա մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող բնակավայրերի ազգաբնակչությունը գերազանցում էր մեկ միլիոնը: Ժամանակը ցույց տվեց, որ այս հիմնավորումը ճշմարիտ էր ու արդարացված:

  Շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին, երբ մեզ մոտ հյուրընկալվեց Անաստաս Միկոյանը: Այնպես պատահեց, որ մենք հանդիպեցինք Հրազդանի ձորում: Լողավազանի մոտ կանգնած զրուցում էինք: «Տեղյակ եմ, որ մարզադաշտի կառուցումը Ձեր մտահղացումն է եղել,- ասացի:- Կարծում եմ` պետք է ուրախ լինեք, որ այն այսօր իրականություն է դառնում»: Ինքն իսկապես ուրախ էր, և հատուկ եկել էր տեսնելու շինարարության ընթացքը:

  Բացառիկ էր մարզադաշտի լուսավորությունը: Հալոգեն լամպերով էինք լուսավորում, որոնք պատրաստվում էին Երևանում: Մինչ այդ ամբողջ Խորհրդային Միությունում նման լամպերով լուսավորված մարզադաշտ չի եղել: Առաջին իսկ խաղից այն ուշադրության արժանացավ: Չնայած խաղն սկսվեց ցերեկով, լույսերը հենց սկզբից վառվում էին: Խաղը մեկանաբանում էր ժամանակի հայտնի լրագրող և մեկնաբան Գեորգի Սարգիսյանցը: Նա հաղորդման ժամանակ նշեց, թե ինքը չի նկատել, թե երբ է արևը մայր մտել, և երբ են միացրել մարզադաշտի լուսավորությունը:

  Մարզադաշտի առավելությունն այն էր, որ դաշտի կանաչը սնվում էր ոչ թե վերևից, այլ` ներքևից: Ինքս եմ առաջարկել ամբողջ դաշտի տակ բետոնե «տաշտակի» նման սնուցող համակարգ տեղակայել: Ջրվելով ներքևից` դաշտն ինքը երբեք չէր թրջվում, կանաչը չէր խոնավանում: Այդպես խոտի արմատներն ավելի ամուր էին լինում, և հողը չէր քայքայվում: Այդ նույն ճանապարհով տեղումների ժամանակ կազմակերպվում էր նաև ջրահեռացումը: Այդպիսի սնուցման համակարգ աշխարհում դեռ ոչ մի մարզադաշտում չէր կիրառվել: Անգամ գիտամեթոդական ֆիլմ նկարվեց այդ մասին:

  Երբ նոր էինք սկսում շինարարությունը, մտավախություն կար, որ մարզադաշտը կարող է ձորից «վեր կենալ ու փախչել»: Այսինքն, անհրաժեշտ էր ներդաշնակություն ստեղծել շրջապատի հետ: Դա ձորի բնական շարունակությունն էր, և սխալ կլիներ առանձնացնելը, ընդգծելը: Դրա համար որոշվեց նստարանները կանաչ ներկել: Գույնի հարցը քննարկվել է անգամ կոմկուսի առաջին քարտուղարի մակարդակով: Գունավոր նստարաններն ավելի շատ փակ դաշտերին են հարիր: Սակայն մեր դեպքում դա ճիշտ չէր լինի և նման կլիներ այն մարդուն, որը ֆրակ հագած շուկա է գնում: Ի վերջո, ճարտարապետի կարծիքի հետ հաշվի նստեցին:

  Ամբողջ շինարարության ընթացքում հասարակությունը շրջափակում էր շինհրապարակը: Մարզադաշտի փեշերը` դիմացի փողոցը, մայթերը, սարերը, դարձել էին նստատեղեր` շինարարությանը հետևող մարդկանց համար: Թերևս չի եղել մի երևանցի, որը գոնե մեկ անգամ չգար դիտելու շինարարության ընթացքը:

  Այդ ժամանակ Հայաստանում բոլորն էին ֆուտբոլասեր, որովհետեւ Երևանի «Արարատն» իր հաջողություններով մարդկանց ուղղակի վարակել էր մի այնպիսի «ախտով», որից որեւէ մեկը բուժվել չէր ցանկանում: Անչափ մեծ էր սպասումը, և այն լիովին փոխհատուցվեց ֆուտբոլային հաղթանակներով: Շահագործման հենց առաջին տարում մերոնք արծաթ նվաճեցին: Հետո` ոսկին ու գավաթը:

  Մարզադաշտի շինարարությունն ավարտվեց Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու 50-ամյակից առաջ, այսինքն` 18 ամսում: Սակայն պաշտոնական բացում տեղի չունեցավ` նախօրեին տեղացած առատ ձյան պատճառով: «Հրազդան» մարզադաշտի իրական բացումը տեղի ունեցավ 1971 թվականի մայիսին, երբ Երևանի «Արարատը» հանդիպեց Ալմա-Աթայի «Կայրաթի» հետ` հաղթելով 3:0 հաշվով:

  Խաղից հետո ֆուտբոլասերներն սկսեցին այրել իրենց մոտ եղած թերթերը, և այնպիսի տպավորություն էր, կարծես այրվում էր մի հսկա «թաս», որն ինքը` «Հրազդան» մարզադաշտն էր:

  Դա իմ կյանքի երջանիկ պահերից մեկն էր:

  Նկար

 

  Ձախից _աջ 2. Է.Թոսունյան Հեղինակ կոնստրուկտոր/ 4. Գ.Մուշեղյան Ճարտարապետ հեղինակ/ 5.Կ.Հակոբյան Ճարտարապետ հեղինակ/ 6.Ա.Արամյան Երևանի քաղաքային սովետի նախագահի տեղակալ/ 7. Հ.Շահինյան /Սպորտկոմիտեի նախագահ/ 8.Կ.Դեմիրճյան /Երևանի քաղկոմի քարտուղար/ 9. Լ. Ղարիբջանյան /Երևանի քաղկոմի առաջին քարտուղար/10. Գ.Հասրաթյան /Երևանի քաղաքային սովետի գործկոմի նախագահ/ 11.Գ.Ժամհարյան /Երևանի Ֆիզկուլտկոմիտեի նախագահ/ 12. Պ.Թումանյան /«Երքիմշին» տրեստի կառավարիչ/ 13. Ա.Մինասյան /«Երքիմշին» տրեստի շինվարչության պետ/ 14.Ա. Սահակյան մարզադաշտի տնօրեն