Հրազդան Մարզադաշտ
«Հրազդան» մարզադաշտ Երևանում 70 հազար հանդիսատեսի համար:
Հեղինակներ. ճարտարապետ Կ.Ա. Հակոբյան ճարտարապետ Գ.Ն. Մուշեղյան կոնստրուկտոր Է.Ն. Թոսունյան Մարզադաշտը կառուցված է Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում: Որպես հանգստի գոտի նախատեսված կիրճը հարում է քաղաքի վարչական և մշակութային ապագա կենտրոնին և վերջինիս հետ կապված է հարմարավետ հետիոտն ու տրանսպորտային ճանապարհներով:
Ի տարբերություն կիրճի բարձր և զառիթափ արևելյան ափի, որտեղ սյունաձև բազալտները զույգ ուղղաձիգ հարկաշարքերով իջնում են դեպի գետը, զառիվեր արևմտյան ափը կտրուկ բարձրանում է արևելքից արևմուտք` ասես կազմելով բնական ամֆիթատրոն: Տվյալ լանդշաֆտային իրավիճակում գլխավոր մարզային արենայի տեղադրումը պայմանավորեց մարզադաշտի ասիմետրիկ ձևը` լրացված երկհարկան տրիբունաներով: Այսպիսի հորինվածքը թույլ տվեց ստանալ օպտիմալ կողմնորոշումով հարմարավետ տեղերի առավելագույն քանակություն, ինչպես նաև ռացիոնալ ձևով օգտագործել բնական ամֆիթատրոնը` ողջ մարզադաշտի տեղերի 40 %–ից ավելին ներառող տրիբունաների համար:
Արևմտյան տրիբունաների երկրորդ հարկը բարձրեցված է 34 երկաթբետոնե մույթերի վրա երկկողմանի բարձակներով, որոնց վրա տեղադրված են 39 շարք: Միահարկ արևելյան տրիբունաները կազմված են 24 շարքից: Տրիբունաների տրամատների այդպիսի լուծումը` շինության արևմուտքից դեպի արևելք իջնող ճկուն կորի տեսք ունեցող արտաքին եզրագծի հետ մեկտեղ ուժեղացնում է ողջ կառույցի ճարտարապետա-գեղարվեստական արտահայտչականությունը: Երկհարկանի արևմտյան տրիբունաների կիրառումը թույլ տվեց զգալի պակասեցնել մարզադաշտի լայնական չափը, առավելագույնս խաղադաշտին մոտեցնել վերջին շարքերը, հանդիսատեսի առջև բացել քաղաքի և ձորի գեղատեսիլ տեսարանը :
«Հրազդան» մարզադաշտի համար բնորոշ է տարածքների ֆունկցիոնալ հստակ գոտեվորումը: Մարզիկներին սպասարկող տարածքների խումբը տեղադրված է կառույցի ներքին շրջանագծով` արենայից նվազագույն հեռավորությունների վրա: Նույն համալիրում տեղադրված են դատավորների սենյակները և տեղեկատվական խումբը:
Մեծ հարմարություններ են ստեղծված նաև հանդիսատեսների համար. ընդարձակ շրջանց սրահների միջով նրանք ամենակարճ ճանապարհներով անցնում են դեպի տրիբունաները, որոնց երկայնքով գտնվում են բուֆետը, ցայտաղբյուրները, սանհանգույցները: Հիմնականում «ներքևից վերև» շարժման սխեմայով դեպի տրիբունաները տանող անցումների շառավիղային համակարգը ապահովում է կարճ ժամկետում հանդիսատեսների անվտանգ տարհանումը բոլոր տրիբունաներից: Կառույցի կոնստրուկտիվ համակարգն օրգանապես կապված է դրա ծավալատարածական հորինվածքի հետ, որի ակտիվ տարրն է հանդիսանում երկրորդ հարկի լարված, հաջող նկարվածք ունեցող բարձակների հստակ ռիթմը: Արմկվածքների հավաքովի կոնստրուկցիաները պատրաստման ընթացքում բավականին տեխնոլոգիական էին , փոխադրման և մոնտաժի համար հարմարավետ:
Այս մարզադաշտում, առաջին անգամ երկրում, կիրառված է ֆուտբոլային դաշտի ստորգետնյա ջրումը, որը միաժամանակ ծառայում է նաև ցամաքուրդի համար, ինչպես նաև «Հրազդան» քսեիոնային լուսավորիչը, որը թույլ է տալիս զգալիորեն ավելացնել ֆուտբոլային դաշտի լուսավորությունը` սարքավորումների նվազագույն հզորության պայմաններում: