ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ճանապարհատրանսպորտային Ցանց

Նախագիծ     

Ճանապարհատրանսպորտային Ցանց

Հաշվի առնելով քաղաքի կենտրոնում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացումը, հիմնական մայրուղիների` Խանջյան, Նալբանդյան, Բաղրամյան, Աբովյան, տրանսպորտային հանգույցների` Խանջյան-Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ, Չարենց-Կորյուն-Նալբանդյան, երթևեկության կազմակերպումը չկանոնակարգված խաչմերուկների պատճառով մայրուղիների թողունակության նվազեցումը, նոր գլխավոր հատակագծում նախատեսված համակարգի իրականացումը կենսագործելու համար <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ի կողմից մշակվեցին նախագծային առաջարկություններ.

Իրականացնել Խորենացի – Տիգրան Մեծ - Նորք Մարաշ – Հերացի – Սարալանջի –Ավետիսյան – Ռիգայի – Վաղարշյան – Կոմիտաս – Դավիթաշենի կամուրջ – Աշտարակ փողոցների հետագծով ավտոմայրուղի: Նշված ավտոմայրուղու իրականացմամբ հնարավորություն ընձեռնվեց տարանցիկ հոսքերի մեծ մասը հանել քաղաքի կենտրոնական մասից և զգալիորեն նվազեցնել Բաղրամյան, Սարալանջի, Չարենցի, Կորյունի, Նալբանդյան, Խանջյան փողոցների, Ազատությանն և Միասնիկյան պողոտաների տրանսպորտային ծանրաբեռնվածության մակարդակը 15 – 20 %-ով:

Կկրճատվի ուղևորության ժամանակը, զգալիորեն կփոքրանա վառելիքի ծախսը և տրանսպորտային միջոցների արտանետումների քանակը: Օդի աղտոտվածության և աղմուկի մակարդակները նվազել են 30 %-ով:

Նկատի ունենալով ավտոմայրուղու կառուցման ծավալները` աշխատանքների կատարման ընթացքում գործող փողոցներով երթևեկության նորմալ կազմակերպմանը չխոչընդոտելու անհրաժեշտությունը, առաջարկվեց ավտոմայրուղու կառուցումն իրականացնել տարբեր փուլերով` Դավիթաշենի կամուրջ – Աշտարակ, Հերացի – Սարալանջի – Ավետիսյան, Տիգրան Մեծ – Հերացի, Հերացի – Արմենակյան – Խորենացի:

Ըստ առաջարկությունների` Տիգրան Մեծ  - Հերացի ծրագիրը սկիզբ է առնում Տիգրան Մեծ – Ագաթանգեղոս – Խանջյան խաչմերուկից, ընթանալով Խանջյան փողոցով Թումանյան – Սայաթ-Նովա փողոցների տեղամասում անցնում կառուցապատումից ազատ Գետառի հուն և առանց հատումների` Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան, Չարենց փողոցների հետ, միանում Հերացի փողոցին:

Ծրագրի ընտրության ժամանակ նկատի են առնվել մի շարք քաղաքաշինական հիմնախնդիրներ` քաղաքի կենտրոնում ազատ տարածքներից զուրկ, կայացած քաղաքաշինական միջավայրում իրականացնել առանց լուսաֆորների, անընդմեջ շարժման ավտոտրանսպորտային մայրուղի` չխաթարելով առկա քաղաքաշինական վիճակը:

Մայրուղին իրականացվել է  ավտոտրանսպորտային միավորների հաշվարկային ինտենսիվությանը համապասխան երկկողմանի` յուրաքանչյուրը երկշերտ, երթևեկությամբ, 15մ լայնությամբ կտրվածքով, գործող նորմերով պահանջվող մայրուղու պարամետրերով, ամբողջությամբ պահպանվել է առկա կառուցապատումը, քաղաքաշինական միջավայրը, չի իրականացվել որևէ կառույց, շենք: Առկա ճանապարհային ցանցից չի հանվել որևէ փողոց, չեն փոխվել գործող փողոցների պարամետերը: Մշակված լուծումներով կառույցը նպաստել է առկա կառուցապատումը լավագույնս ընկալելու` ընդգծելով տարածքային, կառույցների արտահայտչականությունը: Իրականացված կառույցը, լինելով անընդմեջ շարժման մայրաքաղաքային հարիր մասշտաբի մայրուղի, ներդաշնակելով քաղաքի ռելիեֆի և կառուցապատման հետ, ձուլվել է քաղաքի ճանապարհային ցանցին` ապահովելով իր վրա դրված պահանջները` անարգելք, անընդմեջ շարժման տրանսպորտային հոսքերը Տիգրան Մեծ – Խանջյան խաչմերուկից ընթանում են դեպի Հերացի` նվազեցնելով Խանջյան, Նալբանդյան, Նար-Դոս և նրանց հարակից կենտրոնի մի շարք փողոցների գերծանրաբեռնվածությունը:

Էկոլոգիական վիճակի բարելավման առումով` հեղեղատար Գետառի հունից տարանջատվել են կենցաղային կոյուղագծերը, կառուցելով նոր կենցաղային կոյուղու գծեր, կարգի բերելով ենթակառուցվածքները` հեղեղատար կոյուղի, կապի և էլեկտրագծեր, վերանորոգվել են ջագծեր, նախատեսվել ավտոկայանատեղեր, ստորգետնյա և վերգետնյա հետիոտն անցումներ: