Ք.Երևան, Հյուսիսային պողոտայի կառուցման մրցութային նախագիծ:
Երևանի հյուսիսային պողոտան մշակվել էր 1924թ. ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսնադր Թամանյանի կողմից, դառնալով Երևանի առաջին գլխավոր հատակագծի անբաժանելի մասը:
60 տարի անց, 1984թ. Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի հանրապետական մրցույթ հայտարարվեց, որի դափնեկիրներն էին ճարտարապետներ Ժ. Շեխլյանը, Հ. Տիգրանյանը, Գ. Մուշեղյանը, Ռ. Տոնոյանը և Կ. Աստվածատրյանը:
Կառուցապատման գաղափարի հիմքում ընկած էր տրանսպորտի ճիշտ կազմակերպումը, Երևանի XX դարի պատմա-մշակութային և ճարտարապետական արժեքների, անսամբլների պահպանումն ու օգտագործումը, որոնք ոչ թե խանգարելու էին, այլ օգնելու քաղաքային միջավայրի զարգացմանը, ինչպես նաև ստեղծելու երևանցիների հոգևոր կյանքը “սնուցող” գոտի:
Հյուսիսային պողոտան նախատեսվում էր որպես հետիոտն, իսկ տրանսպորտը` ստորգետնյա, պահպանելով միաժամանակ առկա թաղամասի պլանավորումը` շենքներին տալով նոր ֆունցիաներ:
Թատերական հրապարակի տակ տեղավորվելու էին փորձերի համար նախատեսված դահլիճներ և Հայաստանի պետական երգչախմբի ստուդիաներ: Թատերական հրապարակին մոտակայքում գտնվող ատամնաբուժական կլինիկայի շարունակությամբ կազամկերպվելու էր առողջարարական կենտրոն, որի կողքին`շախմատային արվեստի, ֆիլատելիայի կենտրոններ, ցուցասրահներ, 50-60 տեղ ունեցող ակումբներ ըստ հետաքրքրությունների, կինոթատրոններ, հյուրանոցներ` “Ինտուրիստ” 500 տեղով և քաղաքային 280 տեղով, ինչպես նաև մանկական խաղերի կենտրոն տեխնիկական ստեղծագործության ցուցասրահների հետ միասին:
Պողոտայում նոր շենքները նախատեսվում էին կառուցել գոյություն ունեցող հին շենքերից ոչ բարձր. դրանք ըստ գետնի մակերեսի բարձրանալու էին սյուների վրա, հնարավորություն տալով անցորդին շարժվել ցանկացած ուղղությամբ: Ամբողջ պողոտան ստանում էր ևս մեկ` ստորգետնյա մակարդակ, որտեղ տեղավորվելու էին ոչ միայն ավտոտնակներ, տեխնիկական սպասարկման ծառայությունների կետեր, այլև սրճարաններ, խանութներ, հանգստի տեղեր: Նախատեսվում էին մեծ քանակությամբ ջրային մակերեսներ, ցայտաղբյուրներ և հարուստ կանաչապատում: