ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Գյումրիի «Շիրակ» Օդանավակայան

Նախագիծ   Կարծիքներ   

Գյումրիի «Շիրակ» Օդանավակայան

Հեղինակային կազմ, Ճարտարապետներ` Գ.Մուշեղյան Ռ.Հասրաթյան Լ.Քրիստաֆորյան Կոնստրուկտոր` Է.Թոսունյան Վ.Թադևոսյան

“Գյումրի” (Լենինական) օդանավակայանի նախագիծը մշակվել է “Հայպետնախագիծ” ինստիտուտում և հաստատվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության 1975 թ. օգոստոսի 21-ի N 237 հրամանով` հիմք ընդունելով ԽՍՀՄ Պետշինի փորձագիտական եզրակացությունը: Օդանավակայանի սպասարկման կարողությունը 300 ուղևոր/ժամ է: Գլխավոր հատակագիծը մշակվել է “Աէրոպրոեկտ” նախագծային ինստիտուտում: “Հայպետնախագիծ” ինստիտուտի կողմից այն վերամշակվել է և համաձայնեցվել “Աերոպրոեկտ”-ի և ԽՍՀՄ Քաղաքացիական ավիացիայի նախարարության հետ:

Ճարտարապետա-հատակագծային լուծումը: Օդանավակայանի շենքի ճարտարապետա-հատակագծային լուծումն իրականացված է ուղևորների սպասարկման և ուղեբեռի մշակման տեխնոլոգիական սխեմային համապատասխան: Այն նախատեսում է ժամում մինչև 300 ուղևորի սպասարկում: Շենքը լուծված է երեք ծավալների միջոցով, որոնցից կենտրոնականն կողմնորոշված է դեպի կայարանամերձ հրապարակ, իսկ կողային ծավալները` կառամատույց /թռիչքների հրապարակ/: Դա հնարավորություն է ստեղծում ավելացնել ուղևորաերթերի քանակը, մեկուսացնել նույնատիպ ծավալները` չխախտելով շինության միասնությունը, տեխնոլոգիան և հատակագծային կառուցվածքը:

Ուղևորների համար նախատեսված տարածքների հիմնական խմբերը տեղադրված են առաջին հարկում: Դրանք են. բուն գործողությունների սրահը` ուղեբեռի ընդումնման, գրանցման և հանձնման գոտիներով, սպասասրահը, կուտակարանները, մոր և մանկան սենյակը, պատգամավորների սենյակը, պահպանման խցիկը, առևտրային սրահը, սրճարանը և սպասարկան ծառայությունների համար լրացուցիչ այլ տարածքներ: Գործողությունների սրահը և սպասասրահը երկլուսային են:

Երկրորդ հարկում տեղադրված են սպասասրահները միջանցիկ /տրանզիտ/ ուղևորների համար, փոստը, վարսավիրանոցը, բուֆետը և այլն:

Սննդարտադրության տարածքները տեղադրված են առաջին և երկրորոդ հարկերում, օժանադակ տարածքները և օդափոխիչ խցերը` երրորդ հարկում:

Տարածքների կազմակերպման բազմատեսակությունը և դրանց միջև հաղորդակցությունը ելնում է համապատասխան նորմերից:

Տեխնոլոգիական լուծումն արտահայտված է շենքի ծավալատարածական հորինվածքում` դրան հաղորդելով յուրահատուկ պլաստիկա և միաժամանակ մոնումենտալություն:

Ամբողջ շենքը լուծված է ապակեպատ և խուլ մակերեսների յուրատեսակ ռիթմով, ինչը ստեղծում է օդանավակայանի շենքի հիշարժան և տպավորիչ ճարտարապետական կերպարը:

Կոնստրուկտիվ լուծումը: 

  • Օդանավակայանի շենքի շինարարության համար տրամադրված հողամասն ունի համեմատաբար հանգիստ ռելիեֆ: Հիդրոերկրաբանական տվյալներով տարածքը մինչև 7-8 մ խորություն զուրկ է ջրից: Տարածքի սեյսմակայունությունը գնահատվում է 7 բալ:
  • Հիմքերը հենված են 7,0կգ/սմ2 կրողունակությամբ արմատային տեղադրումով բազալտի վրա:
  • Օդանավակայանի շենքի հատակագիծը կազմված է հովհարաձև դասավորությամբ երեք մասնաբաժիններից, որոնք ունեն ինքնակիր պատեր:
  • Սյուների հիմքերը մոնոլիտ երկաթբետոնից են, սյունակալերը, պատերի և խարիսխի պատերի ժապավենաձև հիմքերը` հարթանիստ «թիաձև» բազալտից «Մ-25» շաղախով:
  • Շենքի կմախքը «Օ-Բ» և «Օ-Ե» առանցքներով լուծված է մոնոլիտ երկաթբետոնով: Երկու ուղղություններով էլ շենքի սեյսմակայունությունը ապահովվում է շրջանակային հանգույցների աշխատանքի միջոցով: «Բ-Ժ» և «Ե-Բ» միաթռիչք ռադիալ շրջանակները կազմված են հոդային հանգույցներով հավաքովի ե/բ տարրերից /սյուն-ռիգել և հեծան/ : Ծածկը և տանիքը ևս մոնոլիտ երկաթբետոնից են:
  • Ծածկի մոնոլիտ ծալավոր սալը իրականացված է հավաքովի մետաղական կմախքներից, որոնց վրա ձգվում են արմատուրային ցանցերը: Մետաղական կմախքները հնարավորություն են ստեղծում օգտագործել կախովի կաղապարամած:
  • Բնական լուսավորման ապահովման համար ծալավոր ծածկի մի մասն անկում ունի:
  • Ներքևի սալը կախվում է հավաքովի հեծանից կախվածքների միջոցով:
  • Պատերը կառուցված են տուֆից` «միդիս» շարվածքով, «Մ-25» շաղախով: Միջնորմները փոքր չափերի երկաթբետոնե սալերից են:
  • Աստիճանները երկաթբետոնից են`, մոնոլիտ սանդղակահարթակներով:
  • Գլխավոր ճակատները ապակեպատված են ալյումինե շրջանակների մեջ տեղադրված ապակեծրարներով: Շրջանակների իմպոստները ամրացվում են միջադիր մանրամասերին:
  • Կտուրը առանց ձեղնահարկի է, փաթթոցային տանիքով, կազմակերպված ջրահեռացմամբ:
  • Հավաքովի և մոնոլիտ մասերի, հանգույցների և մանրամասների տեխնիկական տվյալները տրված են կոնստրուկցիաների գծագրերում:
  • Շենքի արտաքին հարդարանքը: Բազրիքների և հովհարների երկաթբետոնե բաց մակերեսները համապատասխան նախապատրաստումից հետո /սպիտականերկի սվաղումը ցեմենտի և բազալտե մանրուրի խառնուրդով/ մշակվել են նախշերով:
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ. 1-9, 9-16 և 16-24 առանցքների միջև` «Բ» և «Ե» առանցքներով տեղադրվել են դեկորատիվ պաննոներ:
  • Գեղարվեստական պաննոյի նախագիծը, նրա իրականացումը, ինպես նաև տեքստերը, ցուցանակները, պաստառները և գազալուսային մակագրությունները պատվիրվել են համապատասխան կազմակերպություններին:
  • Ներքին ձևավորումը: Երկաթբետոնե բաց ճակատային կոնստրուկցիաների մակերեսների ներկման համար նախատեսվել է համապատասխան նախապատրաստական աշխատանք: Միջնորմերը և պատերը սվաղվել են, երեսպատվել ջնարակած սալիկներով: Պատերը և առաստաղները ներկվել են յուղային ներկերով: